ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ. ԴԵՆԴԻԱՍ
Աթենքում տեղի է ունեցել Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են միջպետական հարաբերություններին, Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, Կիպրոսի հիմնախնդրին և Լիբիայի ճգնաժամին։ Քառակողմ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է Կիպրոսի անօրինական օկուպացիան, հովանավորում է «Մուսուլման եղբայրներ» կրոնական կազմակերպությանը, օգտագործում է միգրանտների շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակներով և աջակցում է վարձկաններին Լիբիայում։
«Թուրքիան շարունակում է նաև Հունաստանին սպառնալ պատերազմով և ոտնահարել մեր ինքնիշխանությունն ու իրավունքները», - հայտարարել է Դենդիասը։
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՈՒԺԻՆ
Լեհաստանը լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերին: Այս մասին հայտնել է ԵՄ սահմանների կառավարման գործակալության գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեգերը՝ կարծիք հայտնելով, որ ճգնաժամը տեղափոխվում է աշխարհաքաղաքական հարթություն։
Լիտվայում, Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում 2000 եվրոպացի սահմանապահներ են աշխատում, մինչդեռ լեհ-բելառուսական սահմանային կետերից մեկում ընդամենը երեք սահմանապահ կա։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին իր հերթին հայտարարել է, որ Բելառուսում գտնվող միգրանտները սկսել են վերադառնալ հայրենիք, սակայն ավելի քան 10 հազարը դեռևս շարունակում են մնալ երկրում։
ԵՄ-Ն ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ԵՄ-ն նախազգուշացնող նամակներ է ուղարկել Հունգարիային և Լեհաստանին․ նրանք կարող են զրկվել ԵՄ բյուջեից միլիարդավոր եվրոներ ստանալու հնարավորությունից։ Բրյուսելի որոշումը պայմանավորված է Հունգարիայում և Լեհաստանում կոռուպցիայի և օրենքի գերակայության հետ կապված խնդիրներով:
Նամակներում ասվում է, որ Վարշավան պետք է պարզաբանի Լեհաստանում դատական համակարգի անկախության և ԵՄ օրենսդրության նկատմամբ ազգային օրենսդրության գերակայության հետ կապված իրավիճակը, իսկ Բուդապեշտը՝ պետական գնումների, շահերի բախման սպառնալիքի և Հունգարիայում կոռուպցիայի հետ կապված հարցեր: Վարշավան և Բուդապեշտը երկու ամիս ժամանակ կունենան՝ Եվրամիությանը պարզաբանումներ ներկայացնելու համար։
ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ՄԽՐՃՎԵԼ Է ԵՐԹԻ ՄԵՋ
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում մեքենա է մխրճվել Սուրբծննդյան երթի մեջ՝ վրաերթի ենթարկելով մասնակիցներին։ Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ, 5-ը մահացել են:
Վարորդի ինքնությունը պարզվել է։ Նշվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։