Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով: Հայաստանում այն կհեռարձակվի նոյեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով և կտևի շուրջ 3 ժամ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում: Ավելի ուշ այն նույնպես կհեռարձակվի արբանյակային կապով, իսկ նոյեմբերի 25-ից հետո հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում:
Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում տեղական ժամանակով 16:00-ին:
Լիահույս ենք, որ կկարողանաք միանալ մեզ և տեսնել, թե ինչպես են Հիմնադրամի շնորհիվ բարելավվել մեր հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- ասված է հայտարարության մեջ:
Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի և հայրենիքին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
«Արցախում և Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող մեծածավալ ծրագրեր, ինչը հնարավոր է դարձել միայն ձեր՝ մեր աշխարհասփյուռ աջակիցների ջանքերի և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի շնորհիվ»,- ասված է հայտարարության մեջ: