Երկուշաբթի տեղի ունեցած կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հանրապետությունում առցանց խաղատների փուլային դադարեցման նախաձեռնությամբ։ Այն ենթադրում է հարկերի ավելացում առցանց խաղատների սեփականատերերի համար, որոնց ճնշող մեծամասնությունը արտասահմանյան ընկերություններ են։ «Ցավոք, մեր քաղաքացիների փողերը հոսում են արտերկիր»,- ТАСС-ի հաղորդմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը։
Ղարիբաշվիլին նախատեսել է նաև առցանց կազինո խաղալու տարիքային շեմը 18-ից հասցնել 25-ի։ Իսկ ավելի ուշ կհաստատվի ամբողջական արգելք։ Վրաստանի իշխանությունների գնահատականներով՝ առցանց խաղատների շահագործման պատճառով երկրից տարեկան արտահոսում է 1,5 միլիարդ լարի (ավելի քան 482 միլիոն դոլար):
Վրաստանում մոլախաղերի խնդիրն առկա է արդեն մի քանի տարի: Երկրում բազմիցս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ դրանց նկատմամբ մասնակի կամ ամբողջական արգելք մտցնելու պահանջով։
Վրաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աննա Դոլիձեն քաղաքացիական շարժում է կազմակերպել՝ պաշտպանելով նման արգելքը։