Ֆրանսիայի իշխանությունները տեսնում են կորոնավիրուսի հաջորդ ալիքի շատ արագ տարածման նշաններ՝ կիրակի օրը հայտարարել է կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը՝ գրում է Interfax-ը։
Աթալն ընդգծել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում վարակման դեպքերի թիվն աճել է «մոտ 80 տոկոսով»։ Կառավարության խոսնակը նշել է, որ իշխանությունները մտադիր են ավելի խստացնել սանիտարական անձնագրերի կիրառումը, որոնք հավաստում են պատվաստած լինելը, COVID-19-ով վարակվածությունը կամ կորոնավիրուսի բացասական թեստը։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտնել է COVID-19-ից վարակման 22,6 հազար նոր դեպքի և 23 մահվան մասին:
Նոյեմբերին կորոնավիրուսի տարածման տեմպերը կտրուկ աճել են Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և եվրոպական մի շարք այլ երկրներում։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն կանխատեսել էր Եվրոպայում կես միլիոն մարդու մահ COVID-19-ի պատճառով։ «Մոտ 500 000 մարդ կարող է մահանալ ձմռանը, եթե երկրները չխստացնեն սահմանափակումները»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Եվրոպայում COVID-19-ի հաջորդ ալիքը նկատվում է մոտեցող ցուրտ եղանակի, մի շարք երկրներում՝ պատվաստումների ցածր մակարդակի և ավելի վարակիչ շտամների առաջացման պատճառով։