«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը Շիրակում դեռ ամռանն էր մեկնարկել։ Ֆինասավորումը Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից է: Նպատակը՝ մարզի աղքատության բարձր ցուցանիշով սահմանային համայնքների բնակիչներին աջակցելն է։
Գաղափարը պարզ սկզբունքով է՝ ընտրում են այդ համայնքներից բիզնես գաղափարներ առաջարկող ակտիվ մարդկանց, ապա ֆինանսավորում են՝ նպաստելով համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ծրագրի նպատակն ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցումն է։
Աշոցքից Կորյուն Սումբուլյանը ծրագրի ակտիվ մասնակիցներից է։ Հավատում է՝ սահմանային գյուղերում զբաղվածության խնդիրը լուծելու իրական հնարավորություն է ստեղծվում, ինչը նպաստելու է նաև գյուղական համայնքների տնտեսության զարգացմանը։
Նորայր Պողոսյանը Մեծ Սեպասար համայնքից է. վստահ է՝ տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում իր հավակնոտ ծրագրերը շուտով թղթի վրայից գործնական փուլ կմտնեն։
Կազմակերպիչներն ու մասնակիցներն դեռ դժվարանում են գնահատել, թե եկամուտների որքան աճ կլինի, բայց վստահ են՝ գումարը, որ ամբողջությամբ ներդրվելու է Շիրակի մարզում, էականորեն կբարելավի գյուղական բնակավայրերում մարդկանց կենսամակարդակը։