Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։
Բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։
Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին։
Այցի ընթացքում Արցախի նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։