Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրում, մինչդեռ Ադրբեջանը հակառակ տրամաբանությամբ է գործում՝ վերջին մեկ տարում անընդհատ խախտում հրադադարը: Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան. ՀՀ ԱԳ նախարար - Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի հետևանքով հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։ Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։
Երկու կողմից՝ Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններն էապես տարբերվում են. Հայաստանը խոսում է հաղորդակցության ուղիների բացման, Ադրբեջանը, այսպես կոչված, «միջանցքի» մասին: Հայաստանի գլխավոր դիվանագետը նշել է՝ Հայաստանը պատրաստ է փոխանցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատ դաշտերի՝ իր մոտ եղած բոլոր քարտեզները, սակայն Բաքուն, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։
Արարատ Միրզոյան - Հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին բազմաթիվ վկայություններ կան։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի կողմից։ Մեզ մոտ նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ կան, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։ Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։
Բաքվի կողմից գեներացվող ատելության քարոզի մասին: Միրզոյանի խոսքով՝ ատելությունը կարող է բնաջնջման և ցեղասպանության հանգեցնել, և հայ ժողովուրդը գիտի այդ մասին։
Արարատ Միրզոյան - Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում՝ դժվար է պատկերացնել։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է։
Միրզոյանը կարևոր է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ռազմագերիների ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղ հումանիտար նպատակներով միջազգային կառույցների՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովումը:
Արարատ Միրզոյան - Արցախի պատմամշակութային հուշարձանները Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո են։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1500 մշակութային հուշարձան, 19 000 թանգարանային նմուշ վտանգված են։
Երևանը մշտապես հայտարարել է՝ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, չնայած Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված Թուրքիայի հսկայական աջակցությանը: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից՝ երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։
Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում՝ Ադրբեջանը և Նախիջևանը կապող, այսպես կոչված, «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել՝ Երևանի դիրքորոշումն է վերահաստատում Հայաստանի արտգործնախարարը, հավելում՝ պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, իսկ տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն։