Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկած տարածաշրջանային՝ 3+3 ձևաչափը, դեռ չձևավորված, արդեն ձախողման շեմին է: Ենթադրյալ մասնակից պետություններից Վրաստանը հայտնել է՝ չի միանա նախագծին: Փորձագետ Ջոնի Մելիքյանն այս քայլի երեք պատճառ է տեսնում:
Ջոնի Մելիքյան («Օրբելի» կենտրոնի փորձագետ) - Այս ֆորմատն առաջարկվում է լոկալիզացնելու տարածաշրջանը տեղի երեք պետությունների և հարևան երկրների միջև, ինչը Վրաստանին այնքան էլ ձեռնտու չէ, և քանի որ չկա Արևմուտքը, հենց Արևմուտքի չլինելն է պատճառը: Երկրորդը՝ Ռուսաստանի գործոնն է: Երրորդը՝ Իրանի գործոնն է, ի վերջո, Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունները դեռևս բարդ են, և Վրաստանը Թբիլիսի-Թեհրան հարաբերություններում անընդհատ նայում է դեպի Վաշինգտոն, թե ինչպիսի արձագանք կլինի այնտեղ:
Տարածաշրջանային նոր ձևաչափ ստեղծելու մասին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին խոսել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Նախատեսվում է, որ դրանում, Վրաստանից բացի, պետք է լինեն նաև ձևաչափի հեղինակ Թուրքիան ու Ադրբեջանը, դրան արդեն իսկ իրենց համաձայնությունը տված Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև Հայաստանը: Առաջարկի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը հայտնել էր վարչապետը՝ Հանրայինին տված հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որպես 3+3-ին այլընտրանք, առաջարկել է եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Ջոնի Մելիքյան - Առաջարկում է իր տարածքը՝ որպես հարթակ, որտեղ կարելի է գնալ և կոնկրետ, օրինակ՝ հումանիտար, էկոլոգիական, տարբեր հարցեր քննարկել, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն Բաքվի և Երևանի համար:
Փորձագետը կարևոր է համարում, որ Վրաստանն Արցախի հիմնահարցի լուծմանը միջամտելու հավակնություն չունի, եռակողմ ձևաչափում չի փորձում նաև քննարկման թեմա դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը:
Ջոնի Մելիքյան - Այստեղ ամենակարևոր հարցն այն է՝ Բաքվում կցանկանա՞ն, թե՞ ոչ: Ի վերջո, այս տարիների ընթացքում մեզ համար բացասական ազդեցություն են ունեցել հենց Վրաստանում. տարբեր նախագծերում արգելափակում էին Հայաստանին, և վրացական կողմը որևէ բան չէր կարող անել:
Վրաստանի առաջարկած եռակողմ ձևաչափի վերաբերյալ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռևս դիրքորոշում չեն հայտնել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան