Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նախկին նախագահը դադարեցրել է հիսուն օր տևած հացադուլը:
«Միխեիլ Սաակաշվիլուն տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք առաջնային վերակենդանացման օգնություն ցուցաբերելուց հետո։ Նա նաև մի քանի բուժհետազոտություն է անցել: Նրա վիճակը ծանր է»,- ասել է Սաակաշվիլու անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
Նրա խոսքով՝ հիվանդանոցում մշտապես հերթապահելու են Հանրապետական կլինիկայի մի խումբ ռեանիմատոլոգներ:
Շաբաթ օրը Սաակաշվիլուն զննել է Վրաստանի առողջապահության նախարարության ստեղծած՝ բժիշկների կոնսիլիումը: Կիպշիձեի խոսքով՝ երկու օրվա ընթացքում նախկին նախագահին կայցելի նաև Վրաստանի ՄԻՊ-ի բժիշկների խումբը: