Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել է պարտատոմսերի շուկան: Խոսքը ոչ միայն պետության կողմից թողարկվող, այլև մասնավոր պարտատոմսերին է վերաբերում:
2017-ին ձեռք է բերվել 549 մլրդ 730 մլն դրամի պետական պարտատոմս, 2018-ին՝ 588 մլրդ 111 մլն դրամի, 2019-ին՝ 681 մլրդ 49 մլն-ի, 2020-ին՝ 958 մլրդ 833 մլն դրամի, իսկ այս տարվա նոյեմբերի 15-ի դրությամբ արդեն՝ 1 տրլն 185 մլրդ 14 մլն դրամի: Այստեղ ներառված են միայն դրամով պարտատոմսերը, պետությունը նաև արտարժույթով եվրոբոնդեր է թողարկում արտաքին շուկայի համար:
Պետական պարտատոմսերի կառուցվածքում ռեզիդենտ բանկերի կշիռը 74.88 տոկոս է, ռեզիդենտ գործակալների և ռեզիդենտ ներդրողների ծավալը՝ 21.77 տոկոս, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 3.35 տոկոս:
Արշալույս Մարգարյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ) - Պետական պարտատոմսերի շուկայում բոլոր մակարդակներում մասնակիցների թիվը ավելանում է՝ ֆիզիկական անձանցից սկսած մինչև ինստիտուցիոնալ ներդրողներ:
Արշալույս Մարգարյանը հիշում է, որ դեռ սկզբնական ձևավորման ժամանակ պարտատոմսեր էին ձեռք բերում միայն բանկերը, իսկ հիմա շուկան դիվերսիֆիկացվել է:
Արշալույս Մարգարյան - Այժմ սեփականատերերի մեջ կան ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ, ֆիզիկական անձինք, կենսաթոշակային կառավարիչներ: Իհարկե, բանկերի տեսակարար կշիռը դեռևս ցանկալիից ավելի բարձր է, բայց նվազման միտում ունի, և դա նույնպես ուրախացնում է:
Ֆինանսների նախարարության պաշտոնյայի կարծիքով՝ պետական պարտատոմսերը ավանդներից տարբերվում են ճկունությամբ:
Արշալույս Մարգարյան - Պետական պարտատոմսերի մեջ ներդրումները տվյալ երկրի ֆինանսական շուկայի բոլոր գործիքներից ամենահուսալին են ու նաև ամենանվազ եկամտաբերը: Եվ այստեղ մենք չենք մրցակցում ո՛չ բանկային համակարգի, ո՛չ ֆինանսական շուկայի այլ հատվածների հետ:
Պետական պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում: Իսկ 2020 թվականից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում էլ կորպորատիվ պարտատոմսերն ազատվեցին 10 տոկոս եկամտահարկից, ինչը շուկան ակտիվացրեց:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի շուկան 2019 թվականի նկատմամբ ավելի քան եռապատկվել ա, իսկ եթե 2018-ի համեմատ գնահատենք՝ ավելի քան քառապատկվել ա: Եվ էս պահին ներքին շուկայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դոլարի ա հասնում:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկան բավականին դիվերսիֆիկացված է, թե՛ ընկերությունների քանակն է մեծացել, թե՛ թողարկման ծավալները:
Կարեն Զաքարյան - Հիմա մենք ունենք շուկայում 12 բանկ, որ պարտատոմս ա թողարկել, 5 վարկային կազմակերպություն և 4 տնտեսության ռեալ հատվածը ներկայացնող ընկերություններ:
Կարեն Զաքարյանի կարծիքով՝ կորպորատիվ պարտատոմսերի ծավալը դեռ պետք է եռապատկվի, իսկ հետագայում պետք է ակտիվացնել նաև բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունները:
Կարեն Զաքարյան - Գնալով ավելի մեծ թիվ ա կազմում անհատների քանակը, որոնք պարտատոմսեր են առնում: Էն մարդիկ, ովքեր բավականին հասունացել են և ավանդների տրամադրած եկամտաբերությունից բարձր եկամտաբերություն են փնտրում և միաժամանակ պատրաստ են մի քիչ ավելի բարդ ֆինանսական գործիքներում ներդրումներ անել, մենք տեսնում ենք, որ էդ մարդիկ աստիճանաբար սկսում են պարտատոմսեր ձեռք բերել:
Նշենք, որ բանկերի թողարկած պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան