ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Չինաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մա Չժաոսյուն և Սերգեյ Ռյաբկովը և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աջակցել Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը, հայտնում են Չինաստանի արտգործնախարարությունից:
Չինացի պաշտոնյան կարևորել է Իրանի միջուկային խնդրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերաբերող պայմանավորվածությունների պահպանումը: Նա հիշեցրել է, որ այն վայելում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը: Վիեննայի բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին:
ՔԱԼԸՆԸ ԵՎ ՍԱԼԻՎԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արցախի հարցը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, պաշտպանական համագործակցության զարգացումը, գլոբալ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, լեհ-բելառուսական սահմանին և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում:
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈՏԵՐԴԱՄՈՒՄ
Նոյեմբերի 19-ին Նիդերլանդների մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ռոտերդամում, անկարգություններ են սկսվել։ Որոշ քաղաքացիներ դժգոհում են համավարակի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության նոր սահմանափակումներից։ Ցուցարարները քարեր ու ծխագլանիկ են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել նրանց մեքենաները։ Ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել և կիրառել ջրցան մեքենաներ։
Երկրի իշխանությունները մտադիր են կիրառել կորոնավիրուսի դեմ պատվաստման քովիդ անձնագրեր, ինչպես նաև արգելել հրավառությունները Սուրբ Ծննդյան տոներին: Ոստիկանների փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է տուժել։ Ռոտերդամում հայտարարվել է արտակարգ դրություն։
Նիդերլանդների կառավարությունն անցյալ շաբաթ երեքշաբաթյա լոքդաուն է հայտարարել՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով: Կրճատվել են խանութների և ռեստորանների աշխատանքային ժամերը, մարզական միջոցառումների կարող են մասնակցել սահմանափակ թվով քաղաքացիներ։ Սակայն նույնիսկ նման համեմատաբար մեղմ սահմանափակումներն առաջացրել են որոշ քաղաքացիների վրդովմունքը։ Անցյալ շաբաթ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել նաև Հաագայում։
ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն բանտային հիվանդանոցից տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ։ Նա համաձայնել է դադարեցնել հացադուլը: Այդ մասին հայտնել է Սաակաշվիլու փաստաբան Նիկա Գվարամիան։ Սաակաշվիլուն զինվորական հիվանդանոց տեղափոխելու՝ իշխանությունների մտադրության մասին հայտնի է դարձել Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հերթական բողոքի ցույցի ֆոնին։
Հոկտեմբերի 1-ին Վրաստան վերադառնալուց հետո կալանավորված նախկին նախագահը հացադուլ էր հայտարարել, որը տևեց 50 օր։ Սաակաշվիլին մեղադրվում է պետական հեղաշրջման կազմակերպմանն աջակցելու, մի շարք քաղաքական գործիչների սպանությանը մեղսակցության, 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ցույցերը բռնի ցրելու և այլ հանցագործությունների համար։