Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը ընդունվի, բուհերի հոգաբարձուների խորհուրդները կազմված կլինեն 12 անդամից, որից 6-ին կառաջադրի բուհի ակադեմիական խորհուրդը, 6-ին կնշանակի համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ նախարարը:
Նույնանուն օրինագիծը, հիշեցնենք, Ազգային ժողովի ընդունելուց հետո հանրապետության նախագահը չէր ստորագրել և դիմել էր Սահմանադրական դատարան՝ Մայր օրենքի հետ համապատասխանությունը որոշելու համար: Եզրակացությունը եղել էր այն, որ հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորմանը վերաբերող դրույթները հակասում են Սահմանադրությանը:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Սահմանված կարգով օրենքը դուրս եկավ շրջանառությունից և 15 օր առաջ նախարարությունը հանրային քննարկման դրեց օրենքի լրամշակված տարբերակը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա:
Ընդունված, բայց չստորագրված օրենքով նախատեսվում էր, որ բուհի խորհուրդը կունենա 9 անդամ՝ 5-ը համապատասխան լիազոր մարմնի կողմից, 4-ը՝ բուհի:
Լուսինե Գրիգորյան - Դա հանգեցրեց քննարկումների և նրան, որ այդպիսի համամասնությունը կարող է վտանգ սպառնալ բուհի ինքնավարությանը, և Սահմանադրական դատարանը ևս գտավ, որ այդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, և դրա հիման վրա մենք փորձեցինք լրամշակել: Այս պահին հանրային քննարկման դրված նախագծով նախատեսվում է բուհի հանրային խորհրդի 12-հոգանոց կազմ՝ հավասար համամասնությամբ:
Հանրային քննարկման դրված նախագիծը ոչ միայն հակասահմանադրական ճանաչված դրույթներին է վերաբերում:
Ներկայացված է ամբողջական օրենքի նախագիծը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այլ հոդվածներ ևս կարող են փոփոխվել: Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտնականների շրջանում, օրինակ՝ նորից բարձրաձայնում են օրենքի առնչությամբ իրենց վերապահումները, նշում, որ այն ավելի շատ կրթության, քան գիտության մասին է, որ օրենքի գիտության հատվածը հիմնված չէ խնդիրների վերլուծության ու ախտորոշման վրա, ու որ միայն կառավարման ձևը փոխելու վրա է կենտրոնանում:
Լուսինե Գրիգորյան - Պատրաստ ենք ընդունելու նախագծին վերաբերող առաջարկություններ և դիտողություններ, որոնք քննարկումներից և համապատասխան հիմնավորումներից հետո կամ կընդունվեն, կամ դրույթները կմնան նույնը:
Նախարարության պաշտոնյան նշեց, որ գիտական հանրույթից պաշտոնական որևէ առաջարկ այդ պահի դրությամբ չի ստացվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան