Հայաստանը համաձայնել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին:
Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 19-ին կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, անդրադարձ է եղել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, ինչին աջակցում է նաև Եվրամիությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։