Արցախի մանրատեղանունների ժողովածուն ընդդեմ պատմությունն աղավաղող ադրբեջանական կեղծ թեզերի ու պնդումների: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը դեկտեմբերին կտպագրի գիրք, որը ներառելու է Արցախի 5800 մանրատեղանուն: Ամբողջացվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տարիների ուսումնասիրությունը:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Սամվել Կարապետյանի խոսքն եմ արտաբերում, սա նաև հուշում է, որ Արցախում բնակված ժողովուրդը հազարամյակներ և՛ բնիկ է, և՛ ինքը չի տեղահանվել, և՛ չի տեղաշարժվել և պահպանել է սերնդեսերունդ, հազարամյակներ մանրատեղանունները: Երբ կարդում ենք Տաթևի վանքում մի արտի անուն, որը իշխան նվիրել է, նույն այդ անունը գիտնականը հավաքում է հազար տարի անց գյուղացու բերանից, հուշում է, որ այդ տարածքը բնիկ և չտեղաշարժված հայերով է բնակեցված եղել:
Պատմաբանը քայլել է Արցախի տարածքով, հավաքել դաշտերի, սարերի, ձորերի, բլուրների, գետերի, լճերի, աղբյուրների անունները: Մանրատեղանունները ներկայացված են քարտեզներում: Գիրքը թույլ չի տա, որ մոռացվեն Արցախի մանրատեղանունները: Ըստ հիմնադրամի փոխտնօրենի՝ ի տարբերություն խոշոր տեղանքների անունների, որոնք երկար են հիշվում, մանրատեղանունները արագ կմոռացվեն, եթե հայերը երկար ժամանակ չապրեն այնտեղ:
Րաֆֆի Քորթոշյան - Ամբողջ Արցախը կա, նաև Հյուսիսային Արցախը, Շահումյանը, որտեղ պահպանվել են հին մանրատեղանունները: 2006-ին գնացել էր Հադրութի հարավային շրջանների գյուղերը, այդ ժամանակ հավաքել էր:
Որոշ անուններ հազարամյակների պատմություն ունեն, հիշատակված են վիմագրերում, կալվածագրերում: Կազմակերպության հիմնադիր Արմեն Հախնազարյանն էր ասում՝ իրենց նպատակն է գոնե թղթի վրա պահպանել հայկական մշակույթը: Գիրքը նաև տեղանունների բառարան կունենա:
Րաֆֆի Քորթոշյան - Այս պահին նաև խնդիր ունենք, որ Հադրութի մանրատեղանունները մոռացվելու վտանգի տակ են, որովհետև նաև Հադրութի բնակչությունն է տեղահանվել: Սա նաև մշակութային ցեղասպանության, ոչ նյութական մշակութային ցեղասպանության մի օրինակ է:
Մինչև տարեվերջ լույս տեսնող գիրքը թե որքան տպաքանակով կհրատարակվի՝ դեռ հայտնի չէ, բայց հիմնադրամում վստահեցրին՝ այն հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: