Հորատող այս տեխնիկան մի քանի օր է՝ ինչ Արտամետում է: Պետք է գրունտային հողը 180 մետր ճեղքի, որ ոռոգման ջուր հանի: 30 մետր արդեն իջել են, մանրահատիկ բազալտը սակայն փոքր-ինչ դանդաղեցնում է աշխատանքների ընթացքը:
Բայց գործը գլուխ բերելու համար 3 ամիս ժամանակ ունեն. մինչև գարուն կհասցնեն:
Լևոն Վասիլյան (շինարարական ընկերության տնօրեն) - Միաժամանակ պետք է կատարվի էլեկտրագծերի շինարարությունը, ենթակայան կառուցվի, պոմպերի մոնտաժը:
Խորքային հորի հորատումը սուբվենցիոն ծրագրով է: Դրա շահագործումը հնարավորություն կտա 150 հա-ով ավելացնել Արտամետի ոռոգելի հողերը: Պետության և համայնքի միջոցներով կհորատեն նաև երկրորդ խորքայինը:
Ծրագիրն արդեն հաստատվել է:
Անահիտ Դավթյան (Արտամետ համայնքի ղեկավար) - Երկրորդ խորքային հորն էլ պետք է հորատեն, արդեն հաստատվել է, տեխնիկան ճանապարհին է, մեկ ամսից կստանանք:
Արմավիրի մարզում միայն այս տարի 60 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: 38 համայնքում տարիներով կուտակված բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Կառուցվել կամ նորոգվել են համայնքային ու միջհամայնքային ճանապարհներ, լուսավորվել են փողոցներ, կարգի են բերվել ոռոգման համակարգեր, գազիֆիկացվել մի շարք թաղամասեր: Շինարարական եռուզեռ է եղել նաև որոշ ամբուլատորիաներում, երաժշտական դպրոցներում, մշակույթի տներում: Դրանք մասնակի նորոգվել կամ հիմնանորոգվել են:
Նաև այգիներ ու պուրակներ են կառուցվել, գյուղտեխնիկա և սարքավորումներ են ձեռք բերել: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև մանկապարտեզները:
Համբարձում Մաթևոսյան (Արմավիրի մարզպետ) - Շուրջ մեկ տասնյակ մանկապարտեզ ունենք, որոնք վերակառուցվում են, ունենք նաև հաստատված այլ ծրագրեր, մոտ 7 մանկապարտեզի մասին է խոսքը, որոնց մի մասը շինարարական փուլում է գտնվում, մի մասը՝ նախագծային:
Նորոգման առաջնահերթություններից էր Երևան-Արմավիր մայրուղին: Քայքայված ճանապարհը մինչև անցած տարի լուրջ խնդիրներ էր առաջացնում երթևեկության համար: Մայրուղու որոշ հատվածներ արդեն ասֆալտապատվել են:
Համբարձում Մաթևոսյան - Երևան-Էջմիածին հատվածն ամբողջությամբ վերանորոգված է, Մեծամոր-Արմավիրը՝ նույնպես, իսկ ամենավատ վիճակում գտնվող հատվածը՝ Ակնալճի մասը, նախատեսում ենք հաջորդ տարի վերանորոգել:
Կառավարությունն այս տարի մարզպետարանին 140 մլն դրամ էլ հատկացրեց՝ աջակցելու համար այն համայնքներին, որոնք սուղ միջոցների պատճառով չեն կարողացել մասնակցել համաֆինանսավորվող ծրագրերին:
Մարզպետը վստահ է՝ խոշորացվելուց հետո այդ համայնքները ենթակառուցվածքները կարգի բերելու խնդիր չեն ունենա:
Համբարձում Մաթևոսյան - Գալիք տարի՝ համայնքների խոշորացումից հետո, կունենանք ավելի պատրաստակամ համայնքներ՝ մասնագիտական և ֆինանսական առումով, որ ավելի մեծ խնդիրներ լուծելու հայտեր կներկայացնեն: Արտամետը, օրինակ՝ նոր հայտեր կներկայացնի գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: Այստեղի հողը արգասաբեր է կաթիլային եղանակով ֆերմերային տնտեսություն հիմնելու, ինտենսիվ այգիներ աճեցնելու և անասնապահությամբ զբաղվելու համար: