Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց բանակցային գործընթացը շարունակվում է, և կան դրական տեղաշարժեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում, ի թիվս այլ հարցերի, դեռևս առկա է վիզաների խնդիրը:
«Սակայն բանակցություններն ընթանում են, այդ թվում՝ նաև ռազմավարական կայունության շուրջ։ Եվ սա նույնպես շատ կարևոր օրինակ է»,- ասել է Զախարովան:
Նա երկու երկրների ձեռքբերումներից է համարել հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ ռուս-ամերիկյան բանաձևի նախագիծը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:
Զախարովայի կարծիքով՝ ռուս-ամերիկյան համատեղ նախագծի իրականացումը մի քանի ամիս առաջ անհնար կթվար: