Կեղծ զեղչե՞ր, թե՞ իրականություն: Խանութների հայտարարած գնիջեցումներին ոչ բոլոր քաղաքացիներն են հավատում:
«Կես գին, 50 տոկոս ամբողջ տեսականու համար». երբեմն հանդիպում են նաև 100-տոկոսանոց զեղչեր: Տարատեսակ բառախաղերում չմոլորվելու համար զեղչերից հաճախ օգտվողներին մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ապրանքների գներին:
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Օրինակ՝ հայտարարվի ողջ տեսականին զեղչի ներքո է, սակայն պարզվի, որ կոնկրետ ապրանքներ առհասարակ զեղչի ներքո չեն, կամ տեղեկատվությունը տրվի այն ձևաչափով, որը հասանելի է, ենթադրենք «մինչև» բառը շատ տնտեսվարողներ գրում են շատ ավելի փոքր, քան բուն զեղչի տոկոսն է արտահայտվում: Արդյունքում շատ սպառողներ չեն պատկերացնում, որ զեղչը վերաբերում է «մինչև»-ին, ոչ թե կոնկրետ թվին:
Որոշ ապրանքային շուկաներում հայտարարված զեղչերի ահազանգով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այժմ վարույթներ է հարուցել շինանյութի, տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների դեմ: Հաճախ տևական գնիջեցումը ևս ներկայացվում է որպես զեղչ:
Տիգրան Մարկոսյան - Զեղչը՝ որպես այդպիսի հետագա գնային քաղաքականություն, պետք է, ըստ էության, ունենա ժամանակավոր բնույթ: Այսինքն՝ չես կարող ապրանքի գինը իջեցնել, 2-3 տարի պահպանել, անունը դնել զեղչ:
Զեղչերի ակտիվացումը նկատվում է հատկապես տոներից առաջ: Առջևում «սև ուրբաթն» է, և հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ կեղծ զեղչերից ու գնիջեցումներից:
Տիգրան Մարկոսյան - «Սև ուրբաթի» կապացությամբ զեղչեր հայտարարելիս հավատարիմ մնալ զեղչերի բովանդակությանը, այսինքն՝ դրանք լինեն իրական: Պայմանականորեն մի քանի օր առաջ ապրանքի գինը չբարձրացվի և դրանից հետո զեղչի անվան ներքո վաճառվի այն գնով, որը սովորաբար տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի առնչությամբ կիրառվում է:
Պատկան մարմինը զգուշացնում է՝ նշված դեպքերը համարվում են անբարեխիղճ մրցակցություն, որի համար տնտեսվարողի նկատմամբ նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է տուգանք նշանակվել: