Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մի շարք այցեր է նախատեսել Եվրամիության երկրներ՝ քննարկելու ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը և ԵՄ արևելյան սահմաններից բխող սպառնալիքները: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը:
«Վարչապետ Մորավեցկին որոշել է առաջիկայում մի շարք այցեր կատարել ԵՄ և եվրոպական այլ երկրներ: Կիրակի օրը նա կայցելի Լիտվա, Լատվիա և Էստոնիա, կհանդիպի այդ երկրների վարչապետների հետ՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը և ներկայացնելու այն սպառնալիքները, որոնցից մենք տեղյակ ենք»,- պատմել է Մյուլլերը։
Նրա խոսքով՝ դրանից հետո Մորավեցկին նախատեսում է այցելել այլ երկրներ:
Լեհական կողմի փոխանցմամբ՝ լեհ-բելառուսական սահմանին վերջին շաբաթներին մի քանի հազար փախստական է կուտակվել։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պաշտպանությունը՝ կանխելու երկիր ներթափանցելու մարդկանց փորձերը: Վարշավան միգրացիոն ճգնաժամի պատճառը համարում է Մինսկի քաղաքականությունը: Վերջինս հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Վարշավան բռնի ուժով վտարում է մարդկանց Բելառուսի տարածք։