Նոյեմբերին 19-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի «LEADER-ը՝ որպես գյուղական համայնքների զարգացման ուղի Հայաստանում» միջազգային առաջին կոնֆերանսը, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրոպական միության, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ ջանքերով ու ֆինանսավորմամբ, ՀՀ հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակի, Տավուշի և Լոռու։ Կոնֆերանսի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ քննարկվում են LEADER մոտեցման մասսայականությունը և տեղայնացումը Հայաստանում։
Ներկաներին ողջունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ ԵՄ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացրել ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով զարգացնել ՓՄՁ-ները, տուրիզմը, գյուղատնտեսությունը։ Այս ծրագիրը ևս կնպաստի համայնքների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ երկրներում փորձարկված և հաջողությամբ կիրառվող LEADER մեթոդաբանության վրա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը Հայաստանի Կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում, ինչպես նաև նոր ակտիվ թիմերի ներգրավումը այս գործընթացներում`օգտագործելով արդեն ունեցած հաջողված փորձառությունները: Փոխնախարարի խոսքով՝ «Շիրակում LEADER-ի հաջողությունը երաշխավորված է, քանի որ այստեղ մենք ունենք ակտիվ և նախաձեռնող բնակչություն, պատրաստակամ կազմակերպություններ և պետական կառույցներ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին երկարատև և արդյունավետ համագործակցության համար, հավելել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր ծրագրերում ներդրումներ ունենալ հանուն գյուղական համայնքներում նորարարական մոտեցումների և համայնքային կառավարման և որոշումների կայացման հարցերում երիտասարդության ակտիվ ներգրավման։
Միջոցառման ընթացքում պանելային քննարկումների միջոցով LEADER քաղաքականության համակարգող Իվոնա Լիշտվան, Ավստրիայի գյուղատնտեսության, մարզերի և տուրիզմի նախարարության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության, գլխավոր տնօրենի տեղակալ Մարկուս Հոփֆները և միջազգային փորձագետները ներկայացրել են LEADER-ի 30 տարվա միջազգային պրակտիկան, ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։ Քննարկումներ են անցկացվել LEADER-ի մոտեցման և Հայաստանի տարածքային ու գյուղերի զարգացման օրակարգի փոխգործակցության և փոխլրացման, LEADER-ի կառավարման կառուցվածքի և նախարարությունների, մարզպետարանների ու տեղական ակտիվ խմբերի մակարդակներում իրականացման համակարգի վերաբերյալ։