Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի «Ֆոնեթոն» դրամահավաքը: Կազմակերպիչներն այս տարի ունեն երկու նպատակ: Առաջինը հետպատերազմական Արցախի տնտեսության զարգացումը խթանելն է:
Պետրոս Թերզյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ) - Արդեն իսկ սկսել ենք տասնյակ հազարավոր պտղատու ծառերի տնկիներ բաժանել գյուղացիներին, պետք է շարունակենք նրանց համար հայթայթել նաև ջերմոցներ, մեղուների փեթակներ, թեթև գործիքներ հողագործության համար, որովհետև տարածքները փոքր են, որպեսզի կարողանան նրանք աշխատել: Մեծ քանակությամբ ցորենի սերմ արդեն բաժանել ենք և պետք է շարունակենք բաժանել:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն արձանագրում է՝ պատերազմից անջմիջապես հետո հիմնադրամի ջանքերով բազմաթիվ հումանիտար ծրագրեր են իրականացվել, սակայն այժմ առավել կարևոր է զարգացմանն ուղղված նախագծերի կազմակերպումը:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հատկապես Ֆրանսիայի ֆոնդի միջոցով, օրինակ՝ Տավուշի մարզում հիանալի զարգացման ծրագրեր են իրականացվել: Նմանատիպ ծրագրերի կարիք ունի Արցախը, որոնք վերաբերում են հատկապես գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծմանը:
Դրամահավաքի երկրորդ խնդիրը Սյունիքին տնտեսական աջակցություն տրամադրելն է: Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը նշում է՝ 44-օրյա պատերազմը և ներկա իրավիճակը լրջորեն վնաս են հասցրել նաև սյունեցիների տնտեսական կյանքին:
Պետրոս Թերզյան - Այնտեղ ևս սկսել ենք բաժանել փոքր արտերի համար մտածված հողագործական գործիքներ, սերմեր: Նաև՝ մեղվի փեթակներ, ջրի ծրագրեր, պտղատու ծառերի տնկիներ:
Պետրոս Թերզյանը գոհ է դրահամավաքի ընթացքից: Առաջին օրը հանգանակվել է 600 հազար եվրոյից ավելի գումար:
Պետրոս Թերզյան - Ավելի լավ են մեր արդյունքները, քան 2019 թ.: Համեմատում եմ 2019 թ. հետ, որովհետև 2020-ն արտակարգ տարի էր: 2019-ը ավելի բնականոն տարի էր, և մեր արդյունքներն այժմ ավելի լավն են, այս ժամին, այս պահին:
Նոր նախագծերին զուգահեռ՝ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շարունակելու է իրականացնել նաև 10 տարի առաջ Տավուշում մեկնարկած անասնապահության և հողագործության, արևային էներգիայի կայանների տեղադրման, ինչպես նաև Լիբանանի հայերին օգնություն տրամադրելու ծրագրերը:
Հեղինակներ՝ Մուշեղ Իսախանյան, Նորայր Շողիկյան