Ծնունդով գյումրեցի պայմանագրային զինծառայող Գուրգեն Սարգսյանի մարտական ընկերների փոխանցած տեղեկությունները կայծակնային արագությամբ տարածվեցին սոցցանցերում, հետո ընկերների ու համաքաղաքացիների շրջապատում։ Պատմում են, թե ինչպես անմահացավ Գուրգենը։ Նա դիրքի ավագն էր։ Գուրգենի անմիջական ծառայակիցները, հրամանատարը դեռ Սյունիքում են։
Նարինե Մելքոնյան (հարևանուհի) - Բառեր չկան ասելու, սպասելի էր, նա հայրենասեր ու սիրված տղա է:
Գուրգենը նույնիսկ ամուսնանալ չհասցրեց։ Նա ավելի շատ մտածում էր ծառայության մասին, քան անձնական կյանքի՝ պատմում է հարևանուհին։
Սվետլանա Սարգսյան (հարևանուհի) - Իր ընտանիքը չունեցավ, չհասցրեց, ամեն բան կիսատ մնաց:
Մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, հրաշքով փրկվել։ Սյունիքում նոյեմբերի 16-ին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ վճռական իր վերջին կռիվը տվեց։
Մարտական գործողությունների ժամանակ նա մարտ է վարել թշնամու հետ՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն և արիություն, անմահացել է, ինչի համար էլ պարգևատրվեց հետմահու՝ ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրով՝ Արիության համար մեդալով։
Քաջարի մարտիկի և սիրված զինվորականի աճյունը հողին հանձնեցին զինվորական կարգով։ Նրան հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանատանը՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների պանթեոնում։