Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նամակը։
«Եթե ԱՄՆ-ը չգա ինձ պաշտպանելու, դա սարսափելի ազդանշան կլինի բոլոր քաղաքական գործիչների և արևմտամետ հայացքներ ունեցող մարդկանց համար նախկին ԽՍՀՄ տարածքում»,- ասել է Սաակաշվիլին փաստաբանների միջոցով ուղարկած նամակում։ Նա պնդում է, որ բանտում բռնության է ենթարկվել։ Հացադուլ հայտարարած նախկին նախագահը հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել իրեն բանտից տեղափոխել սովորական հիվանդանոց։
Հինգշաբթի երեկոյան փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին ընկել է և ուշաթափվել։ Ավելի ուշ բանտային հիվանդանոցի բժիշկը լրագրողներին ասել է, որ նախկին նախագահի վիճակը կայունացել է:
Նույն օրը ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ արդար և արժանապատիվ վերաբերվել Սահակաշվիլուն, լսել հանրային պաշտպանի առաջարկությունները բուժման վերաբերյալ և նախկին առաջնորդին հնարավորություն տալ ներկա լինել իր դատական նիստերին։ Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը չի բացառել, որ անհրաժեշտ կլինի Սաակաշվիլուն բանտային հիվանդանոցից տեղափոխել մասնավոր կլինիկա:
Aliq.ge-ն էլ հայտնել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և իշխող կուսակցությունը, խոսել են երրորդ նախագահ Սաակաշվիլուն քաղաքացիական կլինիկա տեղափոխելու վտանգների մասին:
«Եթե մենք համաձայնում ենք այն մտքին, որ նախկին նախագահը սովորական բանտարկյալ չէ և չի կարող լինել, ապա պետք է համաձայնենք նաև, որ սովորական բանտարկյալներին քաղաքացիական տարածք (հիվանդանոց) տեղափոխելն ավելի հեշտ է, քան նախկին նախագահին, և դա կապված է բազմաթիվ վտանգների հետ»,- ասել է Զուրաբիշվիլին։