Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քովիդի դեմ պայքարի լայնածավալ միջոցառումներ է իրականացնում ոչ միայն հանձնաժողովի նստավայրում, այլև ընտրատեղամասերում: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումների կենտրոնում էր հայտնվել ԿԸՀ-ն:
Տիգրան Մուկուչյան (ԿԸՀ նախագահ) - Տեղական ինքնակառավարման ընտրություններ մենք հիմա ունենք, և կարևորագույն բաղադրիչներից մեկը քովիդ միջոցառումներին հետևելն է. ես նկատի ունեմ ինչպես հոկտեմբերին, նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները, այնպես էլ դեկտեմբերի 5-ին: Բոլոր ընտրական տեղամասային հանձնաժողովներին տրամադրվում են ախտահանիչ միջոցներ:
Համավարակի պայմաններում անցկացվել են ինչպես համապետական, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և բոլորի դեպքերում լուրջ զգուշավորություն է ցուցաբերվել՝ ասում է Տիգրան Մուկուչյանը: Տեսչական մարմինը ստուգոււմ է ամենայն մանրամասնությամբ: Գրանցամատյաններից մինչև ախտահանիչ հեղուկների առկայություն ու պարունակություն:
Ստուգվում են նաև աշխատողների թեստավորման գրանցամատյանները: Աշխատողների մեծ մասը կամավոր են պատվաստվել՝ հավաստիացնում է ԿԸՀ քովիդ պատասխանատուն, 68 աշխատողից վեցը չեն պատվաստվել:
Նելլի Գևորգյան (ԿԸՀ քովիդ պատասխանատու) - Վեց հոգու չպատվաստվելը պայմանավորված է նրանով, որ իրենք քովիդով հիվանդացել են, իննսունօրյա ժամկետը պահպանում ենք՝ զուտ դրա համար:
Պետական կառույցներում աշխատակազմերի ավելի քան 90 տոկոսը պատվաստված են՝ ստուգումների արդյունքներն է վերլուծում ԱԱՏՄ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատուն: Առաջնահերթ ստուգում են պատվաստվածների ու թեստավորվածների գրանցամատյանները:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Հոկտեմբերի 14-ից ի վեր իրականացվել է 4781 ստուգայց, և արձանագրվել է 236 խախտում: Այս խախտումները միայն ՊՇՌ-ի կամ պատվաստման մասով են:
Թեստավորման ու պատվաստման խախտումներ ավելի շատ արձանագրվում են մասնավոր հատվածում: