Հայաստանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկությունները: Կառավարող ուժի ներկայացուցիչները հիշեցնում են, որ Հայաստանը միշտ պատրաստ և շահագրգռված է եղել գործընթացն օր առաջ սկսել:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքները սկսելու համար, վարչապետը դրա մասին է ասել:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Այդ մասին գրավոր ծանուցվել է նաև ՌԴ-ին: Խոսքը մեր կողմից համաձայնության մասին է և այս պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու անցնել բուն աշխատանքներին:
Պատգամավորները բովանդակության մասին խոսելը վաղ են համարում, միևնույն ժամանակ շեշտում, որ դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան:
Էդուարդ Աղաջանյան - Ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից են, որոնք կապահովեն այդ արդյունքը:
Հայաստանը Ռուսաստանին պահանջ չի ներկայացնում, այլ ցանկանում է, որ պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան, ՌԴ նաև հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորն է, հետևաբար անելիք ունի՝ հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյան - Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, դրա արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտել էր քառօրյայի աշխատանքները, սահմանազատմանն ու սահմանագծմանը այլ մոտեցում ունի: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ դեմարկացիան և դելիմիտացիան չեն կարող բազային որոշակի սկզբունքներ չունենալ։ Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն էլ ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի սպանել Արցախի ինքնորոշման իրավունքը...
Հայաստան խմբակցությունը խնդիրների կարգավորումն այս իշխանության պայմաններում չի պատկերացնում և շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ կրակի դադարեցման պայմանավորվածությամբ իրավիճակն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, լարվածության օջախն էլ՝ մարված:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Երբ հրադադար հաստատվեց, առաջին մտավախությունը, որ առաջացավ, հետևյալն էր, թե ինչ գին է ունենալու այդ հրադադարը, իրականում ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը: Որովհետև այն սպառնալիքները, որոնք կային, մնում են, և այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն ստեղծվել է ՀՀ-ի և Արցախի շուրջ, ըստ էության, որևէ կերպ ռիսկի կամ սպառնալիքների նվազեցում չի:
Աբրահամյանն ուշադրություն հրավիրեց դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից ստացված առաջարկների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության վրա:
Տիգրան Աբրահամյան - Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում, փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ:
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձ եղավ նաև գերիների վերադարձի խնդրին: Կառավարող ուժի ներկայացուցիչները վստահեցրին, որ հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Հայաստանը նախկինում ու հիմա էլ ամեն ինչ անելու է գերեվարված հայրենակիցներին օր առաջ հայրենիք վերադարձնելու համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան