Ապրանք արտահանելուց առաջ ՊԵԿ-ից գրավոր թույլտվություն ստանալու պահանջը ամբողջությամբ դուրս է եկել։ Բիզնեսն արդեն կարող է մեքենան բարձելու հետ հայտարարագիր ներկայացնել մաքսայինին։ Փաստաթղթային գործընթացը մեկ օղակով կրճատվել-պարզեցվել է հոկտեմբերի կեսից՝ գործարարներին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը։
Շուշանիկ Ներսիսյան (ՊԵԿ նախագահի տեղակալ) - Որևէ տնտեսվարող այլևս պարտավոր չէ որևէ տեղ դիմում գրել, միանգամից հայտարարագիրը ներկայացնում է և արտահանում է ապրանքը:
Նորամուծությունը վերաբերում է երկրից դուրս վաճառքի ուղարկվող ֆերոմոլիբդենին, օպտիկական սարքերին, քիմիական տարբեր միացություններով նյութերին ու ապրանքներին։ Դրանք հսկվող, ռիսկային համարվող բեռների վերջին խումբն են, որի համար գրավոր թույլտվությունը վերացվում է։ Ըստ մաքսային վիճակագրության՝ այս տարվա ընթացքում բիզնեսից ընդունած՝ 60 հազարի կարգի հայտարարագրի հաշվով ՊԵԿ-ը մոտ 6000 թույլտվություն է տվել։ Քիչ չէ՝ ամսվա կտրվածքով բիզնեսը 600-700 այսպիսի դիմում է գրել։
Վաղինակ Ջաղինյան (ՊԵԿ ՄՀՎ Ոչ սակագնային կարգավորման բաժնի պետ) - Նմանատիպ գրություններ են ստացվել տնտեսվարողներից, որով խնդրարկվել է, որ ուսումնասիրվեն փաստաթղթերն ու ներկայացվեն գրություններ:
Վարչարարության այս խնդիրը հիմա դրվել է ծրագրային լուծումներով ուժեղացված ռիսկերի կառավարման համակարգի վրա։ Տվյալ բեռի տեղաշարժը ենթակա է լրացուցիչ հսկման թե ոչ՝ ավտոմատ է որոշվելու՝ կապված գործող կարգավորումներից ու հնարավոր խախտումներից։ Բայց բիզնեսը, իր ապահովության, բարձած մեքենան երկար չկանգնեցնելու ու դրա վրա հավելյալ ֆինանսներ չծախսելու համար, եթե ՊԵԿ-ին այսուհետև էլ առաջարկի խորհրդատվության կարգով նախապես ուսումնասիրել փաստաթղթերը՝ ընդառաջ կգնան, չեն մերժի, ասում է Շուշանիկ Ներսիսյանը։ Հարկ եղած դեպքում, օրինակ՝ երբ կասկած կա, որ մեքենայում արդեն կապարակնքված բեռը մետաղի ջարդոն է, ինչի արտահանումը Հայաստանից ժամանակավորապես արգելված է, նաև փորձագետի եզրակացություն կպահանջեն։
Շուշանիկ Ներսիսյան - Ցավոք սրտի՝ տնտեսվարողները դեռ փորձում են ջարդոնը ներկայացնել որպես աշխատող որևէ սարք ու արտահանել։ Դրա հսկողությունը, միևնույն է, իրականացնում ենք։ Եվ եթե կլինեն տնտեսվարողներ, որ կուզեն մեքենան բարձելուց առաջ մաքսայինը նախապես նայի ապրանքը, կարող են էլի նույն ուղիով դիմել, ու ՊԵԿ-ը կարծիք կհայտնի՝ արդյոք դա արտահանելու համար ամբողջակա՞ն փաստաթղթերի փաթեթն է:
Փաստաթղթերի փաթեթը եթե ամբողջական է, բարեփոխման այս փուլի պարզեցումից հետո ապրանք արտահանելու համար ՊԵԿ-ի հետ կապված առաջին ու միակ քայլը մնում է հայտարարագիր ներկայացնելը։