Հայաստանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարցով իրավապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սիրանուշ Սահակյան (իրավապաշտպան) - Գերեվարված 4 հայ զինծառայողի դիմում-խնդրագրով դիմել ենք, մյուսների մասով լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքում:
Այս շաբաթ Հայաստանի արևելյան սահմանագոտում իրավիճակի սրացումից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց 13 գերեվարված ու ևս 24 անհետ կորած զինծառայողների մասին: Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ անհետ կորած համարվողների շարքում կարող են գերի ընկածներ էլ լինել:
Սիրանուշ Սահակյան - Միջադեպի առնչությամբ մենք ահազանգեր, տեսանյութեր ենք ստանում ընտանիքի անդամներից, հարազատներից:
Իրավապաշտպանի խոսքով՝ գերու կարգավիճակ ունենալու առումով նշանակություն չունի՝ սեփական երկրի ինքնիշխա՞ն տարածքում, թե՞ հակառակորդի կողմում է գերեվարվել անձը, նշանակություն ունի հակամարտության առկայությունը: Միջպետական հարցերի առումով, սակայն, սա կարևոր հանգամանք է:
Սիրանուշ Սահակյան - Եթե ԼՂՀ առումով անհիմն թեզ էր առաջ տանում տարածքային ամբողջականության հետ կապված, և ռազմական գործողությունները հիմնավորում էր ինքնապաշտպանության անվան տակ, ապա այս դեպքում ագրեսիան հիմնավորող փաստարկներ գոյություն չունեն:
Գոյություն ունեն միջազգային իրավունքի կոշտ մեթոդներ, որոնցով Հայաստանը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Իրավապաշտպանները գործակցում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի հետ՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար: