ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված
նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպությունների սեփականատերերից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Խաչատրյանը և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Արթուր Զարգարյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել` հիմնադրամի կողմից ՀՀ մարզերից մեկում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Այնուհետև Ա. Զարգարյանը Հ. Խաչատրյանի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատիրոջ հետ և նրանից պահանջել ավելի քան 28.000.000 ՀՀ դրամ կաշառք` վերը նշված դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու և շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար:
Պայմանագրի կնքումից հետո` 2021 թ. սեպտեմբերին, կապալառու կազմակերպության համասեփականատերն այցելել է Հ. Խաչատրյանի մատնանշած, վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խաչատրյանին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:
2021 թ. նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խաչատրյանը և կաշառք տված անձը բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը։
14.11.2021 թ. Արթուր Զարգարյանին և Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել կապալառու կազմակերպության համասեփականատիրոջը: Քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերը նշված դեպքի հանգամանքներն ու կոռուպցիոն հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: