Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի նախագծին, քանզի համարում է, որ այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշման մասին հայտարարել է նաև իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, և բոլոր կողմերի համար այն հստակ է: Զալկալիանիի կարծիքով՝ «3+3» նախագծին այլընտրանք կարող է դառնալ վրացական կողմի առաջ քաշված եռակողմ ձևաչափը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Դավիթ Զալկալիանի, Վրաստանի ԱԳ նախարար - Մենք չենք ձգտում, որ մեր հարթակի շրջանակում քննարկվեն քաղաքական բնույթի կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին առնչվող հարցեր: Խոսքը կարող է լինել զուտ ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական ու տրանսպորտային նախագծերի մասին:
*****
ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Մոսվայում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն՝ ՌԴ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Անն Լինդե, ԵԱՀԿ գործող նախագահ - Ես կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս շաբաթ արդեն երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել նրանց հետ: Փորձում ենք օգտագործել հասանելի բոլոր գործիքները՝ այդ հակամարտության կարգավորման համար: Այդ ուղղությամբ սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ:
*****
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, վերահաստատել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման հարցում դեռևս չկա կոնսենսուս:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Որպեսզի կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրան: Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա:
*****
Անհրաժեշտ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հաստատման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան իվ Լը Դրիանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ երկխոսությունը կարևոր է հատկապես ճգնաժամերի շրջանում: Ֆրանսիացի դիվանագետի կարծիքով՝ երկու երկրները պետք է համակարգված աշխատեն նաև Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերականգնման, ինչպես նաև Աֆղանստանում ահաբեկչության նոր ալիքի կանխման ուղղությամբ:
*****
Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանատանը: Մասնավորապես նշվել է, որ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում: Նախաձեռնությանը մասնակցում են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ:
****
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան, անդրադառնալով նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման արդյունքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, հիշեցրել է, որ ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ըստ Ժնևի կոնվենցիայի՝ ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, և նրանք պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։ Ադրբեջանը պետք է հետաքննի գերիների նկատմամբ բոլոր չարաշահումները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին»: