Հայաստան հոսող տրանսֆերտներն էականորեն աճել են: Այս տարվա ինն ամսում արտերկրից փողի ներհոսքը գերազանցել է մեկուկես միլիարդ 1 մլրդ 536 մլն 806 հազար դոլարը, ինչը 258 մլն 335 հազար դոլարով կամ 20.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի և 135 մլն 142 հազար դոլարով կամ 9.6 տոկոսով՝ 2019-ի ցուցանիշից:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Մասնավոր տրանսֆերտները նշանակալից դեր ունեն մեր տնտեսության մեջ: Առաջին տարին չէ, ու էդ հոսքի աշխուժացումը գնում է մի շարք հարցերի լուծման: Սա փող է, որի մի մասը վերածվում է կապիտալի ներդրումների տեսքով, զգալի մասը, իհարկե, սոցիալական տիպի էս ուղղությունների վրա է աշխատում:
Հայաստանից արտերկիր արտահոսած գումարների ծավալը նույն ժամանակահատվածում գերազանցել է 866 միլիոն 595 հազար դոլարը, ինչը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 մլն 767 հազար դոլարով կամ 2.1 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ պակաս 200 մլն 650 հազար դոլարով կամ 18.8 տոկոսով: Տնտեսագետները փաստում են՝ դրական է, երբ տրանսֆերտներն աճում են և երկիր լրացուցիչ հոսքեր կան, սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը:
Հայկ Մնացականյան (տնտեսագետ) - Բացասականը կարող ենք ֆիքսել 2 հիմնական կողմ: Մեկը, ըստ էության, այն երկրից, որտեղից գալիս են տրանսֆերտները, տվյալ երկրի տնտեսությունը ավելի արագ է կայունանում, քան թե մեր երկրի տնտեսությունը: Եվ ցանկալի երևույթ չէ, գուցե, նաև աշխատուժի միգրացիան դեպի այլ երկրներ:
Հայաստան փոխանցված գումարներից ավելի քան 633 մլն 480 հազար դոլարը Ռուսաստանից է, 416 մլն 631 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից: Մասնագետների գնահատմամբ՝ արտարժույթի ներհոսքի աճն ազդում է նաև հայկական դրամի կայունության վրա:
Բագրատ Ասատրյան - Պետք է արձանագրել, որ 5 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն ենք մենք տեսնում: Վստահաբար, տարին էլ նույն պատկերն է ունենալու 21 թվականին: Մենք տարին կամփոփենք ավելի քան 2 մլրդ դոլար ընդհանուր հոսքով, մեր ՀՆԱ-ն, եթե դոլարով չափենք, 13-14 մլրդ է մոտավորապես:
Արտահոսքի դեպքում ավելի քան 268 մլն 404 հազար դոլարը փոխանցվել է Ռուսաստան, 138 մլն 420 հազար դոլարը՝ ԱՄՆ, մնացածը՝ այլ երկրներ:
Հայկ Մնացականյան - Տրանսֆերտները սովորաբար մեր տնտեսության վրա թողնում են թմրադեղի ազդեցություն: Հասկանում եք, երկար տարիներ, երբ որ տրանսֆերտները բարձր են լինում, այլևս տնտեսության, կառուցվածքային փոփոխության, արտադրության զարգացման մոտիվացիան փոքրանում է: Եվ այստեղ կարևոր է ոչ թե ծավալը տրանսֆերտների, այլ դրա ճիշտ օգտագործելը:
Ըստ Կենտրոնական բանկի՝ ներքին պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են՝ հիմնականում պայմանավորված մասնավոր խնայողությունների նվազման և արտասահմանից դրամական փոխանցումների աճի արդյունքում մասնավոր սպառման գրանցած բարձր աճով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան