ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով կապիտալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 641 մլն 156.5 հազար դրամ գումար:
Նշված գումարից 518 մլն 744.4 հազար դրամը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` մի շարք հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար: Ցանկում ընդգրկված է նաև ՀՀ Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման ծրագիրը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Հիշեցնենք, որ Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում ընթանում են մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցների կառուցման աշխատանքները:
Կաթնաղբյուրում դպրոցի շենքի կառուցման նպատակով ընտրվել է նոր տարածք, իսկ Ջրառատում այն կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում: Մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ: