Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության, Պոմպեյի հնագիտական արգելոցի ու Հայաստանի ազգային պատկերասրահ համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:
«Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը, ի թիվս այլ նախագծերի, Հայաստանի հանրությանը իտալական պատմության, բարձրարժեք արվեստի ու մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից լինելու բացառիկ հնարավորություն է տալիս:
Ցուցահանդեսն ընդգրկում է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ողջունել է հյուրերին, համագործակցության համար շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ ի դեմս դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի, և տեղեկացրել, որ հին հռոմեական քաղաքի բարքերն ու նիստուկացը ներկայացվելու է ավելի քան 100 ցուցանմուշով:
«Սա ցուցադրություն է ոչ թե Պոմպեյ քաղաքի վախճանի ու կործանման, այլ կյանքի վերակերտման մասին»,- ընդգծել է Մարինա Հակոբյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով երկու երկրների՝ Հայաստանի և Իտալիայի՝ դարերի պատմություն ունեցող մշակութային համագործակցությունը:
«Վստահ եմ, որ Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթը և «Մեկ օր Պոմպեյում» ցուցահանդեսը նոր սկիզբ կհանդիսանան հայ-իտալական մշակութային կապերի ընդլայնման և զարգացման համար՝ օգնելով մեզ բացահայտել մեր երկու բարեկամական ազգերի միջև նմանությունները: Թո՛ւյլ տվեք անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալֆոնսո դի Ռիզոյի, և հույս հայտնել, որ մեր հետագա համագործակցությունը կշարունակի իր կայուն զարգացումը և տարեցտարի էլ ավելի կամրապնդվի ու կզարգանա»,- ասել է նախարարը:
Ըստ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի՝ իտալական մշակույթի շաբաթը Հայաստանում նշանավորելու ավելի լավ տարբերակ դժվար էր գտնել, բայց սա միայն սկիզբն է:
«Պոմպեյը դարձավ ողբերգության հոմանիշ, բայց նաև պատուհան բացեց դեպի հին աշխարհ: Հրաբխային ապարների վերմակը ծածկեց այն ամենը, ինչն այսօր պահպանվել է, և այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է՝ ծանոթանալու ոչինչ չկասկածող հռոմեացիների կյանքին հենց ողբերգության նախօրեին»,- եզրափակել է դեսպանը և շնորհակալություն հայտնել կողմերին ցուցադրությունը կյանքի կոչելու համար:
Պաշտոնական բացումից հետո պաշտոնատար անձինք և այցելուները շրջել են ցուցասրահներում և ծանոթացել գտածոներին: