Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով շարունակում են աճել մահացության դեպքերը։ Մի շարք եվրոպական երկրներ վերադառնում են խիստ սահմանափակումների։
Հունաստանի իշխանությունները նոյեմբերի 22-ից կսահմանեն ավելի խիստ սահմանափակումեր COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց համար։ ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ չպատվաստվածներին չի թույլատրվի այցելել կինոթատրոններ, թանգարաններ և մարզադահլիճներ նույնիսկ բացասական թեստի առկայության դեպքում։
Նոյեմբերի 22-ից երեքշաբաթյա լոքդաուն կսահմանի նաև Սլովակիայի կառավարությունը։ Հաջորդ շաբաթ հասարակական վայրեր կկարողանան այցելել միայն ամբողջությամբ պատվաստված կամ վերջին վեց ամսվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիները։ Երկրի տարբեր հատվածներում հնարավոր է՝ փակվեն սննդի կետերը, մարզասրահները, հյուրանոցները։ Պաշտոնյաների խոսքով՝ երկրի հիվանդանոցներում թափուր մահճակալների թիվը խիստ սահմանափակ է։
Չեխիայում նույնպես չպատվաստվածներին չի թույլատրվի մասնակցել հասարակական միջոցառումների, այցելել մշակութային հաստատություններ, վարսավիրանոցներ և հյուրանոցներ՝ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը։ Չպատվաստվածները աշխատանքի կարող են ներկայանալ միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։ Նոր կանոնները գործելու են նոյեմբերի 22-ից մինչև փետրվարի վերջ։
Վարակման նոր հակառեկորդներ են գրանցվել նաև Ավստրիայում և Գերմանիայում։ Բունդեսթագը օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ քաղաքացիներին կթույլատրվի աշխատանքի ներկայանալ միայն պատվաստված, կորոնավիրուսից ապաքինված լինելու կամ էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի դեպքում։ Երեկ Ավստրիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 15 հազար դեպք: Ամենադժվար իրավիճակը ստեղծվել է Վերին Ավստրիայում, որտեղ պատվաստումների ամենացածր մակարդակն է։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի հաղորդմամբ՝ Գերմանիայում վերջին մեկ շաբաթում հիվանդացության միջին ցուցանիշը 100 հազար մարդու հաշվով կազմել է 337 դեպք՝ նախորդ շաբաթվա 249-ի փոխարեն։
Շվեյցարիայում կորոնավիրուսի հինգերորդ ալիքն է։ Այս մասին ահազանգել է երկրի առողջապահության նախարար Ալեն Բերսեն։ Մեկ ամսում Շվեյցարիայում հիվանդացության օրական ցուցանիշը քառապատկվել է։ Բեռնի համալսարանի համաճարակաբանները կոչ են անում վերադառնալ հեռավար ռեժիմի, անվճար դարձնել կորոնավիրուսի թեստերը և դիմակներ կրել փակ տարածքներում: Նրանց խոսքով՝ «չպատվաստված քաղաքացիներն իրավունք չունեն պատանդ վերցնելու հասարակությանը»։ Շվեյցարիայում ամբողջական պատվաստում է ստացել չափահաս բնակցության 65%-ը: Շվեյցարիայի խորհրդարանը նոյեմբերի 28-ին կքննարկի նոր սահմանափակումներ սահմանելու մի շարք նախագծեր։
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցի՝ Ասիայում զբոսաշրջության ոլորտի ավելի քան մեկուկես միլիոն աշխատակից կորցրել է աշխատանքը՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ: Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտի միայն փլուզման պատճառով Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Բրունեյում և Մոնղոլիայում 1,6 մլն աշխատատեղ է փակվել։ Զեկույցը ցույց է տալիս, որ զբոսաշրջության հետ կապված աշխատատեղերի կորուստները չորս անգամ շատ են, քան մյուս ոլորտներում: Հատկապես տուժել են կանայք։ ԱՄԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Տիհոկո Ասադա-Միյակավան COVID-19-ի ազդեցությունը տարածաշրջանում զբոսաշրջության վրա անվանել է «աղետաբեր»:
Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ 2019 թվականին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան է այցելել ավելի քան 290 միլիոն զբոսաշրջիկ։ Սա տարածաշրջանի տնտեսություններին բերել է մոտ 875 միլիարդ դոլար: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ Ասիա ժամանողների թիվը, համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ, նվազել է 99 տոկոսով՝ ասվում է ԱՄԿ զեկույցում: