Եվրասիական տնտեսական միությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ են ազատ առևտրի գոտու լիարժեք պայմանագիր ստորագրելուն: Բանակցությունները դեռ շարունակվում են, կողմերն այժմ համաձայնեցնում են ապրանքների ցանկը, որոնք փոխադարձաբար կազատվեն մաքսատուրքերից՝ «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Միխայիլ Մյասնիկովիչ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) - Անցկացրել ենք բանակցությունների մի քանի ռաունդ: Այժմ հստակեցնում ենք ապրանքների ցանկը, որ երկու կողմն էլ շահավետ դուրս գան գործարքից: Ծառայությունների մասով հստակություն դեռ չկա: Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք հենց ապրանքների ուղղությամբ:
Ավելի վաղ կողմերի միջև գործարկվել էր ժամանակավոր համաձայնագիր: 2020 թվականին այն երկարաձգվել էր, միաժամանակ երկրների ղեկավարները հանձնարարել էին նախապատրաստել ամբողջական համաձայնագիրը: Նմանատիպ փաստաթուղթ կառույցը կարող է ստորագրել նաև Հնդկաստանի հետ՝ տեղեկացրեց Մյասնիկովիչը:
Միխայիլ Մյասնիկովիչ - Հնդկաստանի հետ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլ են մտնում: Հսկայական տնտեսություն է՝ հսկայական հնարավորություններով: Կարծում եմ՝ մեր միությունը շարունակելու է ընդլայնվել:
ԵԱՏՄ-ն այժմ միավորում է 5 պետություն: Որոշ երկրներ ունեն դիտորդի կարգավիճակ, մի քանիսն էլ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր: 2021 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունները սկսել են վերականգնվել համավարակի ազդեցությունից: Այս տարվա առաջին 9 ամսվա ապրանքաշրջանառությունն անդամ-երկրների միջև ավելացել է 30 տոկոսով: Արտահանումը երրորդ երկրներ աճել է մոտ 40 տոկոսով: Միխայիլ Մյասնիկովիչը նշեց՝ այժմ քննարկվում է համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը:
Միխայիլ Մյասնիկովիչ - «Համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մեծ ներուժ ենք տեսնում: Ինչքան էլ խոսենք մեր ինտեգրացիայի առավելության մասին, միևնույն է, յուրաքանչյուր երկիր ձգտում է պաշտպանել իր շահերը: Սակայն եթե նոր համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար միավորենք ջանքերը, այստեղ արդեն բիզնես-հետաքրքրություն էլ կլինի:
Հայաստանում արդեն գործում են մի շարք հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ: Հայաստանը նաև հայտարարել է ԵԱՏՄ այլ անդամ-պետությունների հետ առևտուրն ակտիվացնելու մտադրության մասին: