Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ բրիտանական թագավորական ինժենեներական կորպուսի մոտ 150 զինծառայողի շուտով կուղարկեն լեհ-բելառուսական սահման՝ օգնելու Լեհաստանին ամրապնդելու սահմանային ենթակառուցվածքը։ Այս քայլը կապված է Լեհաստանի և Բալթյան երկրների սահմաններին միգրացիոն ճգնաժամի հետ, որի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներից հարյուրավոր ներգաղթյալներ փորձում են ԵՄ սահմանները ճեղքել բելառուսական տարածքից՝ հայտնում է BBC-ն։
Լեհաստան կատարած այցի ժամանակ Ուոլեսը պարզաբանել է, որ ռազմական ինժեներների մի փոքր խումբ արդեն այցելել է Լեհաստանի սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Նա պարզաբանել է, որ այդ զինծառայողները չեն պատկանում մարտական ստորաբաժանումներին։
«Սա բանակի մի մասն է, որը կառուցում է արգելապատնեշներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: Մենք այս ստրաբաժանումն օգտագործում ենք՝ օգնելու Լեհաստանին և, հնարավոր է, մյուս մերձբալթյան երկրներին՝ իրենց սահմանները պաշտպանելու հարցում»,- ասել է Ուոլեսը BBC-ին:
Euronews-ն էլ տեղեկացնում է, որ Մերձավոր Արևելքից հարյուրավոր մարդիկ հայրենիք են վերադառնում ԵՄ-ի հետ Բելառուսի սահմանում անցկացրած օրերից հետո: Մինսկից մեկնած 430 ներգաղթյալից 390-ը արդեն Իրաքի Քրդստանի Էրբիլի միջազգային օդանավակայանում է։ Ավելի վաղ Լեհաստանը և Գերմանիան մերժել էին պաշտոնական Մինսկի խնդրանքը՝ հումանիտար միջանցք բացել սահմանին կուտակված մարդկանց համար և թույլ տալ երկու հազար հայցորդներին հասնել Գերմանիա: