Ունեմ այս կամ այն ալերգիկ հիվանդությունը, ես կարո՞ղ եմ պատվաստվել, կա՞ հակացուցում. այս հարցերը վերջին ամիսներին ալերգոլոգ-իմունոլոգներն ամենաշատն են լսել:
Արմինե Հակոբյան (ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար) - Մենք ունենք ԱՀԿ-ի կողմից առաջարկվող գործելակարգ հակացուցումների և ցուցումների վերաբերյալ: Որպես բացարձակ հակացուցում միայն առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան է, որը հաջորդ դեղաչափի համար կարող է հակացուցում լինել:
Այս դեպքում համաշխարհային ալերգոլոգիական կազմակերպությունները առաջարկում են փոխել պատվաստանյութի տեսակը: Մեր երկրում պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ արդեն իսկ ստացած քաղաքացիներից որևէ մեկը բարդություն չի ունեցել:
Սևան Իրիցան (ալերգոլոգ-իմունոլոգ) - Որևէ կողմնակի խնդիր, ալերգոլոգիական բարդություն չենք ունեցել, տեղային կարմրացման նման բաներ լինում են, դրանք խոչընդոտ չեն, բայց որևէ ալերգաբանական բարդություն, որը դառնա հակացուցում երկրորդ դեղաչափի կամ պատվաստանյութի տեսակը փոխելու, չենք ունեցել:
Ալերգոլոգներին հաճախ են հարցնում նաև, թե նախապես ի՞նչ հետազոտություն պետք է անցնել՝ պարզելու՝ պատվաստանյութից ալերգիկ ռեակցիա կունենան թե ոչ:
Արմինե Հակոբյան - ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա, այսինքն՝ նախապես հետազոտում, այլ ալերգոլոգիական հետազոտումների կարիք ընդհանրապես չկա: Պացիենտը եթե նախկինում չի ունեցել որևէ ռեակցիա, ուրեմն նա կարիք չունի հետազոտման: Իսկ եթե նույնիսկ ունեցել է, այն չի կարող կրկնվել այս պատվաստանյութերի դեպքում, քանի որ դրանց գրեթե բոլոր բաղադրիչները նոր են՝ նշում է Հակոբյանը՝ հավելելով՝ պատվաստումը չի թույլատրվում միայն ցանկացած հիվանդության սուր փուլում: Պատվաստվելուց 30 րոպե առաջ էլ հակաալերգիկ դեղ խմելու անհրաժեշտություն չկա:
Արմինե Հակոբյան - Նախօրոք ոչ մի դեղամիջոց հատուկ, որպեսզի կանխարգելել ինչ-որ ռեակցիաներ, արյան խտությունը կամ արյունը նոսրացնող դեղամիջոց, ջերմիջեցնող. դրանք ավելորդ ու անիմաստ են, ավելին՝ այդ դեղերը կարող են խանգարել ընդհանուր ազդեցությանը օրգանիզմում:
Պատվաստանյութերի ալերգաբանական ազդեցությունները քիչ են, կյանքին վտանգ սպառնացողները՝ չնչին, ամբողջ աշխարհում իրականացվել է 7 միլիարդից ավելի պատվաստում, և պատվաստանյութից մահացության դեպք չի գրանցվել՝ նշում են մասնագետները: Բայց հիվանդությունը կարող է որոշ խնդիրներ առաջացնել:
Սևան Իրիցան - Իհարկե, դեռ դժվար է սեփական փորձի վրա պնդել, բայց Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր դիմել են ալերգոլոգի: Հիմնական գանգատը, որ կորոնավիրուսից հետո ինձ մոտ առաջացավ՝ այսինչ ալերգաբանական խնդիրը:
Մասնագետները շեշտում են՝ ալերգիաների դեպքում նախընտրելի պատվաստանյութեր չկան, Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով էլ կարող են պատվաստվել: