Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին Հայաստանի վարչապետը նախ ԵԱՏՄ գործընկերների ուշադրությունը հրավիրեց ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը: Ինչպես 2020-ի աշնանը, երբ Երևանը հյուրընկալել էր ԵԱՏՄ նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։
ՀՀ-ԻՑ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մոտ երկու տարի եվրասիական ինտեգրացիան զարգանում է համավարակի հետևանքով առաջացած գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, նաև դեղագործական ոլորտում՝ ասաց Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ամբողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ հակահամաճարակային սահմանափակումները ընդհանուր բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի վրա: Իրավիճակն արտացոլված է «ԵԱՏՄ երկրների միջև՝ 2020-ին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում, որի արդյունքները կարևոր են նաև հիմա՝ գտնելու տնտեսական կապերի զարգացման խթաններ:
Նիկոլ Փաշինյան - 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և գործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021-ի հունվար-սեպտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել է 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 27,4 տոկոսով, Բելառուս՝ 19,2 տոկոսով, Ղազախստան՝ 89,5 տոկոսով, Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։ Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ-ում առևտրային գործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։
Վարչապետներն անդրադարձան փոխադարձ առևտրին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը կնպաստի Միության պետությունների միջև առևտրաշրջանառության ավելացմանը։ Օրակարգում էր նաև ԵԱՏՄ տարածքում բեռանփոխադրումների թվային վերահսկողության համար նավիգացիոն կնիքների կիրառման համաձայնագիրը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը: Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը: Ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։
Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, որ իր երկիրը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Համավարակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունները կարողանում եմ դիմակայել անգամ ամենադժվար իրավիճակներին: Մեր երկրների տնտեսությունները աստիճանաբար վերականգնվում են: Այս տարվա ինը ամիսներին փոխադարձ առևտրի ծավալը աճել է ավելի քան 30 տոկոսով:
Ղազախստանի վարչապետը նշեց՝ 2016-ից առայսօր ԵԱՏՄ-ում վերացվել է ներքին շուկայի խոչընդոտների 80 տոկոսը։ Նա նաև ասաց, որ արդեն ձևավորվում է Եվրասիական ապրանքափոխադրման համակարգի հայեցակարգը:
Ասկար Մամին (Ղազախստանի վարչապետ) - Ձեռնարկված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի վրա, որի ծավալը 9 ամսում կազմել է 52 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32,5 տոկոսով և 16,5 տոկոսով՝ 2019 թվականի մինչհամավարակային ցուցանիշի համեմատ:
ԵՏՀ-ն կմշակի սննդամթերքի հակաբիոտիկների պահպանման միասնական կանոններ: Կսահմանափակվի գլիցիդիլային եթերների պարունակությունը, որոնք առաջանում են բուսայուղերի, այդ թվում՝ արմավենու յուղի զտման ընթացքում:
Վիկտոր Նազարենկո (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար) - Անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային պարունակության նորմերը, ներառյալ հակաբիոտիկները, կկազմվեն առավելագույն խստությամբ, որպեսզի սպառողները հակաբիոտիկների ավելորդ չափաբաժին չստանան: Մենք ցանկանում ենք հստակ տարանջատել սննդային և տեխնիկական արմավենու յուղը, որը հիմնված կլինի, մասնավորապես, թե ինչ ջերմաստիճանով է այն մշակվել, և որքան է գլիցիդիլային եթերի պարունակությունը։ Եթե այն բարձր է, նման յուղը կարելի է օգտագործել միայն տեխնիկական նպատակով։ Դա թույլ կտա պաշտպանել սպառողների առողջությունը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարին Ալմաթիում: