Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներին, հայտնել, որ անկեղծորեն ուրախ է նրանց հյուրընկալելու հնարավորության համար:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրադրությանը՝ վարչապետը հայտնել է, որ նիստը, ցավոք, անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում:
«Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը»,- ասել է վարչապետը: