Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի նախագծին, քանզի համարում է, որ այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թբիլիսի դիրքորոշումը նա ներկայացրել է իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ մամուլի ասուլիսների ժամանակ, և այն հստակ է բոլոր կողմերի համար:
Զալկալիանիի կարծիքով 3+3 նախագծին այլընտրանք կարող է դառնալ վրացական կողմի առաջադրած եռակողմ ձևաչափը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
«Մենք չենք ձգտում մեր հարթակի շրջանակում քննարկել քաղաքական բնույթի կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին առնչվող հարցեր: Խոսքը կարող է լինել զուտ ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական ու տրանսպորտային նախագծերի մասին»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Հոկտեմբերի սկզբին Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ, չնայած Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած խնդիրներին, «աշխարհաքաղաքական նման խոշոր նախագծերում Վրաստանը պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինի»։ Ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հերքել էր նախարարի հայտարարությունը՝ այն անվանելով ԶԼՄ-ների մեկնաբանություն։