ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն։
ՌԴ ԱԳՆ-ն այս քայլը բացատրել է նրանով, որ վերջերս Մոսկվայի դիրքորոշումը, նրա դերը ներքին ուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հնարավոր հանդիպման անցկացման վերաբերյալ խեղաթյուրվել են։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հրապարակված նամակների տեքստը պերճախոս կերպով արտացոլում է իրավիճակը։ Նրա խոսքով՝ խնդիրը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը սաբոտաժի ենթարկելու Ուկրաինայի փորձն է և դրանք վերաշարադրելու ցանկությունը։
Լավրովն ընդգծել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։
«Առաջին հերթին, դա Դոնբասի հատուկ կարգավիճակն է և այդ հատուկ կարգավիճակի ամրագրումը Ուկրաինայի սահմանադրության մեջ, որում պետք է ներառվի ապակենտրոնացման կետը, ինչպես գրված է Մինսկի համաձայնագրերում: Խոսքը վերաբերում է նաև անվերապահ համաներումներին և, իհարկե, ընտրությունների անցկացնմանը, որը պետք է համաձայնեցված լինի Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ հիմնված՝ ԵԱՀԿ սկզբունքների վրա»,- պարզաբանել է Լավրովը, ապա ընդգծել. «Եվ միայն դրանից հետո Կիևը կվերականգնի հսկողությունը չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև սահմանի վրա»։