Գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:
«Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։
Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։
Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են:
«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։
Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։ Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։
Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։ Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։
Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։ Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը:
Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: