Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։
Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների/միջազգային և մասնավոր հատվածի կողմից/ և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։
Նախագծի ընդունումն ուղղակիորեն կնպաստի նաև կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ, իսկ համաձայն միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների տարեկան միջինում 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում։