Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված մենք այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են այդ գյուղերի կարիքները: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:
«Կոնկրետ Շուռնուխում արդեն մենք մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ. մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած ժամանակ աջակցում են Շուռնուխի բնակչությանը»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ օրը Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածին՝ Աղվանիի հատվածում, տեղադրվել է մեկ տաքացման կետ: Այն գտնվում է դաշտամիջյան ճանապարհներին՝ դեպի Բարձրավան և Շուռնուխ:
«Հաջորդը մենք նախատեսել ենք տաքացման կետ Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը նույնպես կօգնի մեր ազգաբնակչությանը: Բացի դրանից, մենք ունենալու ենք տաքացման կետ Տաթևից դեպի Գորիս գնացող մայրուղու հատվածում»,- ասաց Փիլոյանը:
«Մենք առնվազն երեք տաքացման կետեր ենք ունենալու այդ հատվածում: Տաքացման կետում լինելու են առաջին օգնության անհրաժեշտության ապրանքներ և միջոցներ: Բացի այդ, ունենալու ենք տրանսպորտային միջոցներ՝ ամենագնաց, որոնք ճանապարհների խցանումների ժամանակ մարդկանց առաջին օգնություն են ցուցաբերելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ առկա են տրանսպորտային միջոցներ, որոնք սահմանամերձ բնակչությանը ոչ միայն հաց են հասցնելու, այլև ցանկացած պարագայում օգնելու են:
«Բարձրավան, Որոտան Շուռնուխ հատվածում մշտապես մեքենաներն աշխատում են և մնացած հատվածներում նույնպես: Ձյան պայմանների համար մենք ունենք ամենագնացներ, որոնք մոտ ժամանակներս՝ երկու օրվա ընթացքում, տեղափոխելու ենք այդ հատված»,- ասաց նախարարը: