Կառավարության նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոսեց Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին:
«Փաստացի ունենք յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին էր, որը համարում ենք ավարտված: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտ է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս վեց հատվածներում աշխատանքներ են ընթանում:
Այդ հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9.5 կմ է: Ճանապարհի մի մասում՝ մոտ 3.5-4 կմ, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներ են իրականացվել: Մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերում բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը;
Խոսելով Տանձավեր-Շուռնուխ 13 կմ ճանապարհի մասին՝ Սանոսյանը տեղեկացրեց, որ դրա մի մասն ամբողջությամբ նոր է կառուցվում:
«Նույն Շուռնուխ գյուղն առնվազն 2 ճանապարհ ունի: Մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան: Որոտան-Խոտ ճանապարհը 10 կմ-ից 5 կմ-ը արդեն պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները:
«Երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները: Որոշակի թեքություններ կան: 2-3 օրվա ընթացքում խճապատման աշխատանքները կավարտենք: Ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ»,- ասաց Սանոսյանը:
Շարունակվում են նաև Տաթև-Լծեն ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:
«Այնտեղ մոտ 6.5 կմ աշխատանքներ են իրականացվել: Երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում է: Նախագծման աշխատանքներն ավարտվել են, դա ավելի է հեշտացնում արագ աշխատանքների կազմակերպումը»,- ասաց նախարարը: