ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Սյունիքում որևէ բնակավայր շրջափակման մեջ չէ: Կառավարության նիստին հայտարարեց վարչապետը՝ նախարար Սանոսյանից հետաքրքրվելով ճանապարհների կառուցման ընթացքով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք ունե՞նք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, թե՞ չունենք, եթե ոչ, որտեղի՞ց է ամենօրյա ռեժիմով տեղեկությունը շրջանառվում մամուլում և սոցցանցերում:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ունենք յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք: Մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք՝ ավարտված է, երթևեկելի է, նորմալ է:
9,5 կմ Քաշունի-Բարձրավան ճանապարհի 3,5-4 կմ հատվածի հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են: 13 կմ երկարությամբ Տանձավեր-Շուռնուխի մի հատվածն ամբողջությամբ նոր է կառուցվում:
Գնել Սանոսյան - Նույն Շուռնուխ գյուղը, որը հաճախ նշում ենք, առնվազն երկու ճանապարհ ունի, մեկը՝ Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է, մյուսը՝ Շուռնուխ -Բարձրավան, և, արդեն նշեցի՝ կառուցվող ճանապարհը, որը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար: Որոտան-Խոտ ճանապարհը՝ 10-ից 5-ը պատրաստ է, հիմքը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5-ի վրա խճապատման աշխատանքներ են:
Կապան-Գեղանուշ-Ճակատեն ճանապարհի հողային աշխատանքներն ընթացքի մեջ են, 2-3 օրից կավարտվի խճապատումը: Զուգահեռ կկառուցվի Կապան-Ճակատեն ուղղությունը: Սանոսյանի տեղեկացմամբ՝ շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհի կառուցումը:
Նիկոլ Փաշինյան - Մեր պլանը հետևյալն է՝ բոլոր ուղղություններով. իհարկե Տաթև-Լծեն հատվածը մի քիչ երկար է, բայց դեպի գյուղեր ուղղություններով օրեր առաջ ունենանք գրունտային ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տեսակի մեքենաների համար, բոլոր եղանակներին: Շինարարության սեզոնի մեկնարկին պես բոլոր ճանապարհները կասֆալտապատենք: Գյուղերի ճանապարհները, Տաթև-Լծեն հատվածը 2022-ին ամբողջությամբ ասֆալտապատ կլինի: Պապիկյանի հետ այն ժամանակ պայմանավորվեցինք՝ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ կիրականացնենք, որ բեռնատարները գյուղ չմտնեն: Մի հատված կա, որ նեղ է, ճանապարհի եզրին եկեղեցի կա, որ հուշարձան է, լայնացնելու առումով պրոբլեմ կա: Գյուղի ճանապարհը լավն է, 5 կմ շրջանցիկն է, որ արագ անենք, որ գրունտայինը պատրաստ լինի:
Բնակավայրերի ճանապարհները գրունտային, բարեկարգ վիճակի բերելու համար մոտ երկու շաբաթ կպահանջվի: Կա ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր:
Նիկոլ Փաշինյան - Արձանագրում ենք, որ չկա բնակավայր, որ կտրված լինի, շրջափակման մեջ լինի:
Գնել Սանոսյան - Այո՛, չկա, Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը ճանապարհ ունեն, դժվարությունը Ճակատենից հարավ գյուղերն են, որոնք առաջին մի քանի օրում ավելի մատչելի կդառնան:
Նիկոլ Փաշինյան - Դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, ճանապարհի կարճության մասին է խոսքը, կենսապահովման խնդիր չկա, ենթակառուցվածքի հարմարության մասին է, հարցը արագ կլուծենք:
Ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերին կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվել՝ հավաստիացրեց վարչապետ Փաշինյանը:
ԳՈՐԾԱԴԻՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Գործադիրը հաստատեց հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը՝ ամրագրելով 439 նպատակ, նախատեսելով 1276 միջոցառում:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Հիմնված է Կառավարության հանձնառությունների, 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2020-2050 թթ. ռազմավարության թիրախների վրա:
Նիկոլ Փաշինյան - Մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է ներկայացված, փաստաթուղթը հրապարակային է, մանրամասն քննարկելու անհրաժեշտություն չկա:
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Կառավարությունը Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերին 462 մլն 256 հազար դրամ հատկացրեց՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, սուբվենցիոն ծրագրերի համար: Ծրագրերից ամենախոշորը Գյումրիին է՝ 887 մլն դրամ արժեքով: Ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս:
Գնել Սանոսյան - Մրցույթի արդյունքում 882 մլն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրու համայնքապետարանը, 50 տոկոսը՝ 441 մլն դրամ, պետությունը:
Կառավարությունն ու համայնքներն այս տարի 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր են իրականացնում: Վարչապետը նշեց՝ բացի համայնքների հետ համատեղ ծրագրերից, գործադիրը միայն 86 մլրդ դրամ ուղիղ ներդրումներ է կատարել համայնքներում:
Նիկոլ Փաշինյան - 2018-ից ի վեր մենք համայնքներում սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով մոտ 400 միլիոնի ներդրում ենք արել համայնքներում: Այդ ծավալներն էլ, 2022-ի բյուջեի նախագծով արձանագրել ենք, որ պետք է ավելանան ներդրումների ծավալները:
Գնել Սանոսյան - 86 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել, դրանք 981 ծրագիր է: Սուբվենցիոն ծրագրերով այս 4 տարում իրականացվել է 1870 ծրագիր՝ ծախսվել է 92 մլրդ դրամ, 981 ծրագրի վրա՝ 81 մլրդ դրամ: Թեև ավելի քիչ ծրագրեր են արվել՝ գրեթե կիսով չափ, գումարը մոտ է 86,92 մլրդ: Երբեմն սուբվենցիոն քիչ ծախս ծրագրերը համայնքի հետ է արվում, խոշորները ուղիղ է անում:
77 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարությունը 77 մլն դրամ հատկացրեց կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարի համար:
Նիկոլ Փաշինյան - Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին կստանան բարձր աշխատավարձ, 2022-ից առանց վերաբաշխման, որովհետև գումարները նախատեսված են արդեն:
Կանխատեսվում է՝ ավելի քան 5000 ուսուցիչ հաջորդ տարվա ատեստավորմամբ կստանա հավելավճար. այդ նպատակով 2022-ի բյուջեում նախատեսվել է 1.3 մլրդ դրամ: