ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեց՝ արձանագրո՞ւմ ենք, որ Սյունիքի մարզում չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված, շրջափակման մեջ լինի:
«Այո՛, չկա: Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը ճանապարհներ ունեն: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնան»,- ասաց Սանոսյանը:
Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրվում մի քանի գյուղերի բնակիչների:
«Ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ վեց գյուղերի բնակիչներին հատկացրել ենք բենզին, վառելիքի համար գումար, լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի հնարավորինս կոմպենսացնենք լոգիստիկ դժվարությունները»,- ասաց Փաշինյանը: