Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ սոցցանցում որոշ օգտատերերի դիտարկումների է հանդիպել այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ:
«Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:
Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:
Ավելին, նման բան չի կարող լինել:
Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:
Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- գրել է Գոռ Աբրահամյանը: