Նոյեմբերի 18-24-ը կանցկացվի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե՛լ պատշաճ» կարգախոսով:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ուշադրություն է հրավիրում մի խնդրի վրա, որի մասին թեև մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են, սակայն այն շարունակում է մտահոգիչ մնալ:
«Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիր է»,- ասված է Ավետիսյանի Ֆեյսբուքի էջում:
«2015 թվականից, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն նախաձեռնությամբ, ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 18-25-ը:
Մարդու օրգանիզմը հակամանրէային կայունություն կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
ԱՀԿ հաշվարկների համաձայն` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով: Արդյունքում՝ դեղերի մնացորդները կարող սննդամթերքի միջոցով անցնել մարդուն և առաջացնել կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:
Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը կենդանիների խնամքը, հսկողությունն ու հիվանդությունների կանխարգելումն է, ինչը նվազեցնում է վարակների տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:
Չնայած կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների պատճառով սահմանված շփման սահմանափակումներին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ պարբերական աշխատանքներ է տանում, քննարկումներ կազմակերպում, նաև՝ իրազեկման միջոցառումներ իրականացնում՝ հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործման ու չարաշահման անթույլատրելիության մասին:
Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը՝ լիցենզավորված անասնաբույժներին վերապահելով հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը՝ համապատասխան դեղատոմսերով։
Երկար ու պատասխանատու ճանապարհ կա անցնելու՝ համապատասխան իրավական ակտերի ընդունման ու պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմը դրան համապատասխանեցնելու տեսանկյունից: Այս առումով մեր երկրի դիրքորոշումը համահունչ է միջազգային մոտեցումներին:
Մի՛ չարաշահեք հակաբիոտիկները, դա հանգեցնում է անդառնալի հետևանքների»,- նշված է գրառման մեջ: