Երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, բնական աղետներից բացի հիմա նաև՝ համաճարակներ: Արտակարգ իրավիճակներում արդյունավետ պայքարելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման բժշկական թիմ:
Օլեգ Ստորոժենկո (Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հատուկ ներկայացուցիչ) - Սա նոր նախաձեռնություն է: Մեկ տարի առաջ ավարտեցինք արագ արձագանքման բժշկական թիմերի նվազագույն չափորոշիչների մշակումը: Հաշվի ենք առել նմանատիպ միջազգային կառույցների փորձը: Վստահ ենք՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունները կստեղծեն արդյունավետ թիմեր:
Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների գործակցությամբ Հայաստանում ևս կստեղծվի առաջին կարգի արագ արձագանքման թիմ: Արագ արձագանքման բժշկական թիմերի անհրաժեշտությունը ԱՀԿ-ն զգացել է դեռևս 2010 թվականի Հաիթիի երկրաշարժի ժամանակ:
Փորձը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է ապահովել բժշկական անձնակազմերի արագ տեղակայում: Թիմերում ներառվում են ոչ միայն բժիշկներ, փրկարարներ, այլև զինվորականներ, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատերազմող երկրներում ևս այդ թիմերը կարող են արդյունավետ գործել՝ ասում է առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Պատերազմական վիճակները ևս արտակարգ իրավիճակներ են, և, իհարկե, բժշկական և արտակարգ իրավիճակների թիմերի պատրաստվածության մակարդակը շատ կարևոր է: Այս գիտելիքները և հմտությունները այս դեպքերում միանշանակ շատ կարևոր կլինեն:
Հայաստանի և Վրաստանի թիմերը նաև կհամագործակցեն: Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում այժմ գործում է որոնողափրկարարական թիմ, որում ներառված են բժիշկներ, սակայն արագ արձագանքման առանձին բժշկական թիմ տարածաշրջանում չկա՝ ասում է ԱԻՆ Փրկարար ծառայության բժշկական ապահովության վարչության պետը:
Կարեն Աթոյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովության վարչության պետ) - Արտակարգ իրավիճակների նախարարությունը թիմին կտրամադրի իր ուսումնական վարժարանները, բժշկական ապահովության վարչության տրենաժորներ, բժշկական գույքը, որպեսզի անցկացվեն դասընթացներ:
Արագ արձագանքման բժշկական թիմը կստեղծվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այն համարվում է բազմապրոֆիլ: