70-ամյա տիկին Մարիետան արդեն որոշ ժամանակ է՝ կենսաթոշակը ստանում է անկանխիկ եղանակով: Ասում է՝ սկզբում դժվարանում էր բանկոմատից օգտվել, ընտանիքի անդամներն էին օգնում: Հիմա արդեն՝ ինքնուրույն:
Մարիետա Գրիգորյան (կենսաթոշակառու) - Որ ժամանակ ինձ պետք է, լրիվ չեմ հանում: Ինչքան պետք է՝ այնքան եմ հանում, ճիշտն ասած, ինչ-որ մի տեղ կուտակվում է, բանկոմատ գնալուց էլ որոշ չափով քայլում եմ էս վատ ժամանակներում, գոնե տնից դուրս եմ գալիս, քայլում եմ:
Հայաստանում կենսաթոշակի ու նպաստի ստացման կարգում փոփոխություններ են եղել: Այս տարվա հուլիսի 1-ից հետո Երևանում, Գյումրիում ու Վանաձորում կենսաթոշակը, կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով:
Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Բայց անկանխիկ վճարման եղանակի մեջ ազատ լինել, թե որ բանկի կամ «Հայփոստը» ևս անկանխիկ եղանակի միջոցով վճարում է էլեկտրոնային փողի համակարգի միջոցով: Այստեղ արդեն շահառուն ազատ կլինի, թե որ կազմակերպության միջոցով ինքը կարող է անկանխիկ եղանակով կենսաթոշակը կամ նպաստը ստանալ:
Բացառություններ կան, երբ քաղաքացին ինքը կարող է ընտրել կանխիկ թե անկանխիկ ստանալ:
2022-ի հունվարի 1-ից կենսաթոշակների ստացման այս համակարգը կներդրվի նաև Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում: Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակը ստանում են կանխիկ և բացառությունների խմբում չեն, ապա մինչև տարեվերջ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու համար իրենց նախընտրած կազմակերպությունը:
Անահիտ Գալստյան - Որևէ խնդիր չկա, կենսաթոշակառուն միշտ կարող է դիմել և փոխել վճարող կազմակերպությունը: Էս անգամ եկավ ընտրեց ինչ-որ մի կազմակերպություն, մեկ-երկու ամիս հետո չի ուզում՝ բանկոմատն էր մոտ, «Հայփոստի» գրասենյակն էր մոտ, ցանկալի էր այնտեղից ստանալ, միշտ կարող է դիմել և վճարող կազմակերպությունը ինքը փոխել:
Կանխիկից անկանխիկի անցման հաջորդ փուլով՝ 2023-ի հունվարի 1-ից, նախատեսվում է համակարգը ներդնել 1000-ից ավելի գյուղական բնակավայրերում: Իսկ 2024-ից՝ մյուս գյուղերում ևս, ու համակարգն արդեն ամբողջական ներդրված կլինի հանրապետությունում: