Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անհանգստություն ունի Molitro Hildings Limited-ի կողմից «Ռոստելեկոմը» ձեռք բերելու գործարքի հետ կապված, քանի որ այն կարող է պարունակել շուկայի կենտրոնացվածության դետալներ։
«Լուրերի» հետ զրույցում այդ մասին հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը. «Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասաց նախարարը։
Նոյեմբերի 2-ին «Լուրերը» գրել էր, որ Molitro Holdings Limited ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «Ռոստելեկոմը» գնելու համար։ Որպես Molitro Holdings Limited-ի բաժնետերեր հանդես էին գալիս ֆիզիկական անձ Արման Ունանյանը՝ 60 տոկոս և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 40 տոկոս բաժնեմասերով։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որն իրեն փոխկապակցված անձանցով բաժնեմաս ունի նաև մեկ այլ հեռահաղորդակցության ընկերությունում՝ «Յուքոմում»` առնվազն 17 տոկոսի չափով։
Վահագն Խաչատրյանն ասում է՝ կան անհանգստություններ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ևս պիտի ուսումնասիրի գործարքը։ Նա չի բացառում, որ նախարարության կողմից անհրաժեշտ եզրակացությունը կարող է լինել բացասական. «Մենք տեսել ենք մենաշնորհների արդյունքը… ամեն ինչ կարող է լինել, եթե մեզ ուղարկել են կարծիք հայտնելու, չի նշանակում, որ այդ կարծիքը վաղօրոք հայտնի է։ Մեր մասով հիմնականում շուկայի կենտրոնացվածության ու անվտանգության հարցերն են դիտարկվում, ու այդ մասով ենք եզրակացություն տալու»,- նշեց Խաչատրյանը։ «Ռոստելեկոմի» ներկայությունը հայկական ինտերնետի շուկայում նախարարը գնահատում է որպես «աղբյուր, որը Հայաստանին ինտերնետի ապահովության անվտանգային համակարգի մաս է դարձնում»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը փոխանցեց՝ իրենք իրենց հերթին մի քանի հարցումներ են արել այլ գերատեսչությունների՝ կապված գործարքի հետ և սպասում են նրանց պատասխանին, որից հետո դիրքորոշում կհայտնեն:
Նախարարին «Ռոստելեկոմի» գնման գործարքի գինը հայտնի չէ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Լուրերին» ասաց՝ համապատասխան հայտը ստացել են, ու քննարկումներն ընթացքի մեջ են. «Ես չեմ կարող ասել ոչինչ, քանի դեռ որոշում կայացված չէ, երևի թե մեկ ամսվա ընթացքում որոշումը կլինի»,- փոխանցեց նա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս դեռ գործարքի մասով որոշում չունի։
«Ռոստելեկոմը» Հայաստանում գործում է «ՋիԷնՍի ալֆա» ՓԲԸ-ի միջոցով, այն ռուսական «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկությունն է, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, սմարթ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց ու կորպորատիվ հաճախորդներին։ «Ռոստելեկոմն» ունի տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 92 տոկոս ներկայություն ՀՀ քաղաքներում, նաև՝ 3000 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխների ցանց։